Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Каталог сайтов » Պարույր Սևակ

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ [27]
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ [20]
ՍԻՐՈ ՃԱՆՀԱՊԱՐ [0]
ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ [0]

В разделе сайтов: 47
Показано сайтов: 5-8
Страницы: « 1 2 3 4 ... 11 12 »

ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ 

Ես նախանձում եմ նրանց բոլորին, 
Ովքեր ապրում են հավատով խորին, 
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում, 
Ում դեմ են ելնում, ում համար փայլում, 
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա, 
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա, 
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում, 
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում... 

Բարի նախանձով նրան եմ հիշում, 
Ով չի մոլորվում անթափանց մուժում, 
Ով չի վհատվում երկար վերելքից, 
Չի հուսահատվում վայրի տարերքից, 
Ով ստի հանդեպ բերան չի փակում, 
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում, 
Չի նայում կյանքին իբրև բոստանի, 
Որտեղից պիտի չաղ բաժին տանի... 

Ես նախանձում եմ նրան, վերջապես, 
Անհուն նախանձով նրան եմ հիշում, 
Ով հոգում չունի նախանձի նշույլ. 
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին 
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին, 
Որ մի չաղ պատառ միս է թռցըրել)... 
Իսկ ով հատիկն իր հասկ է դարձըրել, 
Ով սերմ է ցանել ու բերք է հնձում, 
Անբանն է միայն նրան նախանձում... 

Բանից պարզվում է,- ես ու իմ հոգին,- 
Որ չեմ նախանձում կյանքում ո՜չ ոքի... 
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ

Ես կարծում եմ. երբ խոր վերքից 
Մարդ ժպտում է համառությամբ, 
Այդ ժպիտը վերջ ի վերջո 
Փոխարկվում է ծամածռության...

Ես կարծում եմ. երբ որ ջուրը 
Վարարում է, ելնում ափից, 
Թույլտըվություն չի վերցընում 
Իրեն հսկող նեղ քարափից...

Ես կարծում եմ. պաղն ավելի 
Լավ ես զգում ամռան շոգին, 
Դողն ավելի լավ ես զգում 
Ձմռան բքին...

Հողն ավելի լավ ես զգում 
Այն ժամանակ, 
Երբ նա հանկարծ տատանվում է 
Քո ոտքի տակ...
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՄ 

Դառնամ փառաբանեմ ձկնորսներին ծովում՝ 
________փոթորկի թունդ պահին, 
Սերմնացանին՝ արտում, երբ է՛լ չի սպասում 
________նա տաք օրեր: 
Դառնամ փառաբանեմ ձորից կաքավ թռցնող 
________զրընգոցը բահի, 
Գերանդու խուլ երգը, որ դժվար է անգամ 
________նոտագըրել... 

Պտղավորումն այգու, արտի փոշոտումը 
________փառաբանեմ կրքո՛վ, 
Ազնիվ թթխմորով հունցված ցորեն հացը 
________մեր սեղանի վրա, 
Մեր անխարդախ գինին, որ մեր սիրտն է լցնում 
________մի անբարբառ երգով 
Եվ կյանքը դարձնում է... հնարավոր հրաշք... 

Դառնամ փառաբանեմ մանուկների խաղը՝ 
________այնքա՜ն ինքնամոռաց 
Եվ մտասո՜ւյզ այնքան, ասես որտեղ որ է 
________հսկա մի գյուտ կանեն: 
Դառնամ փառաբանեմ նրանց թաթիկները 
________ցեխաջրից սառած, 
Իրենց սրտակտուր ու փութանցիկ լացը 
________ցավո՛վ փառաբանեմ: 

Դառնամ փառաբանեմ ջահել աղջիկների 
________ծիծաղն աննպատակ, 
Նրանց կանչող ե՛րգը, նրանց անցնող վե՛րքը 
________սիրո՜վ փառաբանեմ: 
Վախո՜վ փառաբանեմ այն պատանու ձեռքը 
________և՛ դողացող, և՛ տաք, 
Որն առաջին անգամ սիրտ է անում... դեպի 
________սիրած կուրծքը տանել... 

Սե՜րը փառաբանեմ և՛ պառավ մո՛ր հանդեպ, 
________և՛ զառամյալ տատի՛, 
Որոնց սուրբ փեշերից անցած քո ողջ կյանքի 
________ծով բուրմունքն ես առնում. 
Սերը՝ որդու հանդեպ, առանց որի ի՜նչ ես - 
________մարդ ես մի աղքատիկ, 
Մինչ գներն էլ շուրջըդ բարձրանում են անվերջ- 
________կյանքը թանկ է դառնում: 

Դառնամ փառաբանեմ... փառաբանեմ մարդուն՝ 
________ա՛յն էակին միակ, 
Որ ծիծաղե՛լ գիտի, որ արտասվե՛լ գիտի, 
________երգե՛լ գիտի, 
Թո՛ղ որ գիտի նաև իր նմանին դարձնել 
________անշնչացած դիակ, 
Բայց և գիտի գրկե՜լ, գիտի գրել գրքե՛ր, 
________հերկե՜լ գիտի: 

Նրա տքնությունը, բայց առավել ևս 
________հրաշք հուր-կայծակի 
Այն բոց բռնկումը՝ այն ներշնչման պահը 
________փառաբանեմ ցնծո՛ւն, 
Որ մեր աչքից ծածկված հազա՜ր ճանապարհ է 
________բացում հանկարծակի 
Ու դարձնում է մարդուն... հավասար է դարձնում 
________իր ստեղծած աստծուն... 
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ՈՒԶՈՒՄ ԵՄ 

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով, 
____բայց ոչ թե մոր, այլ մանուկի: 
Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի, 
____որ կարապը ապրի՜ երգով: 
Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի, 
____ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա: 
Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի, 
____ոչ թե օձեր և մողեսներ: 

____Ու թե մահը անխուսափ է՝ 
Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին: 
____Թե կռիվը անխուսափ է՝ 
Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին: 
____Թե արդուկելն անխուսափ է՝ 
Ահա շո՛րը - սի՜րտ մի հանձնեք տաք արդուկին: 

Թաղե՞լ է պետք - 
________պառավ մորը որդին թաղի, 
________ոչ թե մայրը ջահել որդուն: 

________Եթե երգել՝ 
Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն. «Հոգի հանեց»: 
________Եթե գրկել՝ 
Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում: 
________Եթե հարգել՝ 
Այնպե՛ս հարգել, որ քծնանքի չվերածվի: 
________Եթե փրկել՝ 
Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի: 
________Ու թե պառկել՝ 
Այնպե՛ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան, 
________ոչ թե հրշեջ մեքենայի: 

________Մի անգամ էլ թողեք ուզեմ. 
Ես ուզում եմ՝ 
____ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից՝ 
____չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ 
____առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա՜... 

________Ես ուզում եմ. 
Եթե գերվել՝ 
________ոչ թշնամուց, 
________այլ խելքահան աղջիկներից: 
Եթե մերվել՝ 
________ապա երբեք չթթվելով: 
Եթե լարվել՝ 
________ապա միայն ստեղծելիս: 
Եթե ճարվել՝ 
________ապա փրկել մահամերձին: 
Եթե ներվել՝ 
________էլ չվիճե՛լ, էլ չկռվե՛լ: 
Եթե սիրվել՝ 
________միայն մեկի՛ց և մե՜կ անգամ... 

Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը: 
Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի՜, 
Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի՜, 
Հրդեհները առանց հրի՜ թող ճարակեն, 
Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն: 
Թե բարակել է հարկավոր՝ 
________թող բարակի մե՛ջքը կանանց, 
Թե տառակեր է հարկավոր՝ 
________թող նա մնա մեզ անճանա՛չ: 
Պատարագե՞լ է հարկավոր՝ 
________համերգային մեծ բեմերի՜ց պատարագվի, 
________ո՛չ թե երգով դագաղ փակվի: 
Կոտորակվե՞լ է հարկավոր՝ 
________դպրոցական տետրակներո՛ւմ կոտորակվի, 
________ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի: 
Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր. 
________թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը, 
________այն էլ եթե անորակ է, 
________ոչ թե արդար և մեղավոր 
________մեր մարդկային մոլորակը... 

____________Ես ուզում եմ... 
Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ... 
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

1-4 5-8 9-12 13-16 ... 41-44 45-47