Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Каталог сайтов » Պարույր Սևակ

ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ [27]
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ [20]
ՍԻՐՈ ՃԱՆՀԱՊԱՐ [0]
ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ [0]

В разделе сайтов: 47
Показано сайтов: 25-28
Страницы: « 1 2 ... 5 6 7 8 9 ... 11 12 »

ՈՐԴԻՆ

Նա անգո՛ւթ էր կռվում, գոտեմարտում՝ դաժան
Մոլեգնորեն էր նա ոսոխներին ջարդում,
Թշնամու դեմ չուներ խղճմտանքի նշան,
Ու բարության նշույլ չուներ սրտում:

Եվ նա մի օր ընկավ մահով հերոսական,
Թշնամու շարքերում - մեր դիրքերից հեռու...
Սակայն մահից հետո նրա մայրը, երկա՜ր,
Դեռ շարունակ որդուց նամակ էր ստանում...

...Պառավն ինչպե՞ս զգար, ո՞նց հասկանար արդյոք,
Որ զինվորը դաժան, նո՛ւյն իր բարի որդին,
Գոտեմարտից առաջ իր սեփական ձեռքով
Բացիկներ էր գրել ու նամակներ անթի՜վ...

Եվ մինչ ուրախության զուլալ իր արցունքով
Սփոփվում էր մայրը, որ ապրում է որդին,
Ռուս մուժիկ մի ծեր, դողդողացող ձեռքով,
Վշտի արտասուքը քթարմատին,-

Ծրարների վրա նո՛ւյն հասցեն էր գրում,
Միայն... միշտ դնելով նոր ամսաթիվ... 
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ԼԵԳԵՆԴԸ

Նա ծնվել էր այնտեղ, ուր կան լեռներ ժայռոտ,
Ուր քարափներ, կիրճեր, անտառներ կան,
Ուր ամեն քար այնպես մտերի՛մ է, ծանո՜թ,
Ամեն խութ՝ ժպտադեմ, ամեն թուփ՝ բարեկամ:

Ուր միակ թշնամին գարնան սելավն է ժանտ,
Որ սրբում էր - տանում ջրաղացը հացի,
Չթողնելով ձորում ուրիշ այլ մի նշան
Քարաշեղջից կախված նավախելից բացի:

Նա ծնվել էր այնտեղ - լեռնաշխարհում հայոց,
Ժայռաքարից կերտված մի հին տնում,
Բայց մարտնչեց, ընկավ - ընկավ իբրև հերոս
Ռուսական անափ տափաստանում:

Նույն հեղեղն էր վայրի, նույն սելավը դաժան,
Որ ուզում էր ողջը սրբել, քանդել՝
Հեռավոր Բեռլինից մինչև Կովկաս հասած,
Հեղեղ, որ ո՛չ ջրով, այլ արյամբ էր հորդել:

Նա մարտնչեց, ընկավ անափ տափաստանում,
Ուր քար չկա և ուր հողն է ավազ,
Որ այստեղ, քարաշատ, ժայռոտ Հայաստանում
Նրա ջրաղացը հայոց ցորենն աղա... 

Հայոց ցորենն աղա, աղա հատի՜կ-հատի՜կ,
Առատ - ստեպների ավազի չափ,
Եվ ջրերի՛ն, ժայռի՛ն, նավախելի՛ն պատմի
Նրա կյանքի մասին... արդեն լեգենդ դարձած...
 
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ՀԱՐԱԶԱՏՆԵՐ

Հարազատնե՛ր,
Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո...
Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատնե՛ր:

Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես -
Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ:

...Հարազատնե՛ր,
Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր...
Հարազատնե՛ր,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:

Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման՝
Չի իմանում ժպտա՞, թե՞ լա...
Եվ շշնջում է միայն.

Հարազատնե՜ր... 
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

ՄԵՐՈՆՔ

Այդ բառը արդյոք ե՞րբ ծնվեց կյանքում:-

-Գուցե այն պահին, երբ անակնկալ
Վերևից մի արկ աննկատ ընկավ
Եվ անմեղ խաղով տարված մի մանկան
Սպանեց մթնում:

Գուցե այն պահին, երբ վառվող մի տուն,
Չայրելու համար տունը դրացի,
Սեփական ցավի մոխիրը սրտում՝ 
Հրի շշուկով շշնջաց տրտում.
-Այդ օտարներն են, դու զգուշացի՜ր:

Եվ գուցե այն ժամ, երբ թշնամին ժանտ,
Հարբած իր արյամբ և մեր բերքերով,
Նահանջի մատնեց մեզ ծանր մի ժամ
Եվ այրված տունը դրացուն ասաց.
-Դեռ կգա՛ն մերոնք... 

ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ | Переходов: 0 | Дата: 16.02.2011

1-4 5-8 ... 17-20 21-24 25-28 29-32 33-36 ... 41-44 45-47