Главная » Каталог сайтов » Պարույր Սևակ |
ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ [27] |
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ [20] |
ՍԻՐՈ ՃԱՆՀԱՊԱՐ [0] |
ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ [0] |
В разделе сайтов: 47 Показано сайтов: 21-24 |
Страницы: « 1 2 ... 4 5 6 7 8 ... 11 12 » |
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ I Ծավալվել ես, գարո՛ւն, ողջ աշխարհի վրա, Բացել ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ՝ Նման մի խոր երգի - անհղացում գրված - Որ միշտ նո՛ր է թվում, թեպետ անգիր գիտեն: Քո պարգևած պայծառ ու խոր խլրտումից Հողը հիմա ծա՛նր՝ գոլորշով է շնչում, Գետերն են դուրս ելել իրենց նախկին հունից, Մինչդեռ թռչունները՝ հին բներն են թռչում: Բացել են ծառերը իրենց թերթերն ի լույս, Կանաչներն են ծփում անսահման ու անծիր, Եվ քո տաքուկ շնչից, քո ներշնչած սիրուց Աղբյուրներն են երգում նման քա՜ղցր լացի: Ծավալվել ես այսպես ողջ աշխարհի վրա Բացե՜լ ես ինքդ քեզ, բացվել ինքդ քո դեմ, Նման այն խոր երգին - անհղացում գրված, Որ ինձ նո՜ր է թվում, թեպետ անգիր գիտեմ... II Սաղարթների վրա ծիծառներ կան հիմա, Գարնան շունչ կա հիմա, բուրմունք անուշ. Ծաղիկներն են լռում, իբրև մի խոր իմաստ, Որ զուլալ աղբյուրն է լոկ թարգմանում: Ու արոտներում խլրտում կա հիմա, Փողոցներում խայտանք ու եռուզեռ... Տարբեր հուզանք ունի հիմա ամե՜ն մի մարդ, Բայց միևնույն պահն է ողջը հուզել: Վարարումով վայրի սիրտս լի՜քն է հիմա, Սիրտս լի՜քն է հիմա, լի՛՝ լալու չա՜փ... Եվ պահում է լեզուս մի անթարգման իմաստ Իր խո՜ր, հուզումնավո՛ր լռության տակ... III Փողոցների վրա քո խայտանքն է կախվել, Լո՜ւռ տարածվել ամեն մայթի վրա, Փակ պատուհանները քո տաք շնչին բախվել, Երկփեղկվել են, գարո՛ւն, սրտի՜ս նման: Այնպես քա՜ղցր է զգալ թևածումդ, գարո՛ւն, Այնպես քա՜ղցր է ապրել հուզանքդ պերճ, Որ խայտում է իմ մեջ իբրև բոսոր արյուն, Շարժվում սրտիս խորքում, երակիս մեջ: Ես ուրա՜խ եմ, գարուն, ուրա՛խ՝ խնդալո՜ւ չափ, Բայց սրտիս մեջ ցավ կա՝ լուռ լացի՜ պես... Բախվել է քո շնչին պատուհանը իմ փակ Ու երկփեղկվել, գարո՛ւն, իմ սրտի՜ պես... IV Գարո՛ւն, նույնն ես նորից, նո՛ւյնն է խայտանքդ անուշ.- Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս... Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն, Որ մոռացվել մի պահ, արդ հիշվում է կրկին: Բա՛ց է սիրտս հիմա, գարո՛ւն, քո շնչի դեմ. Ե՜կ, ողողի՛ր սիրտս քո խնդությամբ պայծառ, Ե՜կ, մոտեցի՜ր, որ քեզ մոտի՜կ զգամ, դիտեմ Իբրև մեռած ընկեր՝ կրկին կենդանացած... Այնպես ծա՜նր է հիմա առանց նրա ապրել, Գարո՛ւն, քո խայտանքը այն աշխարհի վրա, Որի գարնան համար նա իր կյանքը դրեց՝ Իբրև մի երգ սիրո - կարմիր արյամբ գրված... Նո՛ւյնն ես նորից, գարո՛ւն, նո՜ւյնն է խայտանքդ անուշ.- Նորից զգում եմ ես ծանրությունը սրտիս... Դու հուզում ես, գարո՛ւն, իբրև ծանոթ անուն, Որ արցունք է կորզում՝ երբ հիշվում է կրկին...
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին- Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ, Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի, Անհարիր է թվում ամեն մի աղաղակ... Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո - Անհարազատ, օտար աշխարհներում, Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհ Մի մութ փոթորիկ է գաղտնի հևում: Գիտես, որ աշխարհում - քո աշխարհից հեռու, Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ, Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում, Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան: ...Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետո Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս, Որ արկերով դաժան և վառոդի ծխով Չի ընդհատվում երբեք շունչը դարի:
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ԴԱՐԸ Դարն այս, ուր ամեն ինչ գիտակցված է, օ՛, խի՜ստ, Եվ ընթանում է միշտ ո՛չ ակամա, Ուր գոյության համար չկա միջին ուղի, Ուր միմիայն պետք է ընտրել կամ ա՛յս՝ կամ ա՛յն,- Դարն այս և ի՛մ մեջ է, և քո՛ մեջ է - մե՜ր մեջ. Նրա ծնունդն ենք մենք, նրա արյունն ենք թանկ, Եվ չենք կարող երբեք մեր հոգու մեջ մեղմել Ա՛յն, ինչ ժառանգել ենք մենք սրությամբ: Թեթևության համար դարը մեզ չի ներում, Ինչպես որ չենք ներում ինքներս մեզ.- Սո՛ւր է դրված հարցը լինել-չլինելու... Մենք, որ լինելու ենք՝ լինենք ծա՜նր և մե՛ծ: Եվ հասկանանք, սի՛րտ իմ, ինչ մե՛զ է վիճակվել, Որքան ծա՛նր է, դժվա՛ր, նույնքան թա՛նկ է, անգի՛ն, Եվ եթե մեզ պահենք թեթևամի՛տ, անգե՛տ,- Առա՛նց խնայելու դարը մեզ կապտակի...
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ Ես բոցերի լեզուն չեմ մոռանա բնավ: Հրդեհային բառի հրե լեզուն, Երբ երկինքը իր լայն անեզրության վրա Փոխանցում էր խոսքեր հակիրճ ու սուր: Մարտի թոհ ու բոհում, շառափի մեջ կռվի, Երբ խոսքն անկարող էր, անզոր՝ լեզուն, Երբ թնդանոթն անգամ իր որոտով հեռվից Ոչ թե խոսո՛ւմ էր պարզ, այլ կակազում: Երբ նահանջում էինք մենք մի ծանր պահի Եվ սկսում էին շան պես հաչել Թշնամու զենքերը, որ մեզ մատնեն ահի,- Երկինքը հայտնում էր. «Կանգնե՛ք, քաջե՛ր»: Այդ՝ մի գյուղ էր գուցե - կերոնի պես այրված, Գուցե մի գործարան՝ քուրայի պես, Գուցե անտառ վայրի, գուցե մի թանգարան՝ Իր գույների փայլի պերճության մեջ: Այդ՝ հրդեհի խոսքն էր երկնի վրա լազուր, Հասկանալի, սակայն և անթարգման, Հրի հրամանը, բոցի անզուսպ լեզուն, Անխախտ մեր դեվիզը՝ կամ կյա՛նք, կամ մա՛հ: Իսկ երբ երթի փոշին լուսածիրի նման Արդեն թշնամական հորիզոնի վրա՝ Ելնում ու ծածկում էր ամենայն ինչ, Ազդարարում էր նա - «Առա՜ջ, դեպ ի՛նձ»: Եվ երբ անցնում էինք քաղաքներից-քաղաք, Մեր հաղթության ուրախ ժխորի մեջ Նա մի վերջին անգամ հորիզոնում շողաց, Կայծագրեր. «Դադա՛ր: Հաղթությո՛ւն: Վե՛րջ»: Այդ՝ վերջին բոցի մեջ պատերազմն էր այրվում, Մոխրանում էր կռվի մոլուցքը թեժ՝ Իր իսկ հրախաղով իր մահն ազդարարում, Իր երկնքի ներքո, իր որջի մեջ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ես բոցերի լեզուն չե՛մ մոռանա բնավ, Հրթիռային խաղի թովիչ լեզուն՝ Լենինի դամբանի հավերժության վրա, Հրապարակում Կարմիր, Կրեմլի շուրջ... * Խաղաղության հուրը վառվում է մեղմուրախ Հիմա ամե՜ն տան մեջ մեր աշխարհում: Մենք բոցերի լեզուն չե՛նք մոռացել, բնա՛վ - -Զգաստությո՜ւն է նա թելադրում:
ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ |
Переходов: 0
| Дата: 16.02.2011
|